Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մշակի» էջերում Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով

«Մշակի» էջերում Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով
06.06.2013 | 18:57

«Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն «Հյուսիսափայլ»-ի, հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, Անդրկովկասի մշակութային կենտրոնում` Թիֆլիսում: Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին: Կրթություն ստանալով Հայդելբերգյան համալսարանում (Գերմանիայում), Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին: Լինելով հարուստ ռազմական գործիչ Երեմիա Արծրունու որդին, այնուամենայնիվ, բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար: Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում, Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների` Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին: Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր: Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև` երկու, երեք ու հինգ անգամ:

«Մշակ»-ի հրատարակման տարիները համընկնում են արևելյան ճգնաժամի, ճնշված ազգերի ազատագրական շարժման, ռուս-թուրքական պատերազմի, բեռլինյան կոնգրեսի ու Հայկական հարցը փակուղու բերելու հետ: Ժամանակաշրջանը հարուստ էր պատմական իրադարձություններով: Թերթը հանդես էր գալիս լիբերալ-բուրժուական դիրքերից ռեակցիոն հոգևորականության, պահպանողականների կարծրամտության դեմ, գրում էր Թուրքիայում հայերի ծանր կացության մասին, բարձրացնում էր ժողովրդի լուսավորության, կանանց էմանսիպացիայի, հայ գրականության ու արվեստի զարգացման հարցերը: Գյուղացիների ու բանվորների ճնշված իրավիճակը նույնպես իր արտացոլումն էր գտնում «Մշակ»-ի էջերում:
Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գրիգոր Արծրունուն հետաքրքրում էր Գերմանիան, որտեղ նա ապրում և սովորում էր: «Մշակի» էջերում Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով և համարում, որ նման ազգային հերոս անհրաժեշտ էր նաև հայ ժողովրդին: Որպես ժողովրդավարական պետական կառույցի օրինակ նա բերում էր Շվեյցարիան: Արծրունին եղել է բարեփոխումների կողմնակից, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին: Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները: «Մշակ»-ի հետ նաև համագործակցում էր Անդրիաս Արծրունին` Գրիգոր Արծրունու եղբայրը, երկրաբան-ճարտարապետ, ով վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, հսկայական ուշադրություն էր դարձնում լեռնարդյունահանմանը Հայաստանի տնտեսության մեջ: Ինքը` Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, իր թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին:
1858-1886 թվականներին Թիֆլիսում լույս տեսնող պահպանողական ուղղվածություն ունեցող «Մեղու Հայաստանի» թերթը եղել է և՛ «Հյուսիսափայլ»-ի, և՛ «Մշակ»-ի գլխավոր ընդդիմախոսը: Հատկանշական է այդ թերթերի ևս մեկ նմանություն. երկուսի խմբագիրները եղել են լիբերալներ` Ստեփանոս Նազարյանն ու Գրիգոր Արծրունին, իսկ գլխավոր աշխատակիցները` դեմոկրատներ Միքայել Նալբանդյանն ու Րաֆֆին: Ինքը` Րաֆֆին, խոսելով «Մշակ»-ի նախորդների մասին, առանձնացնում է «Հյուսիսափայլ»-ը, և, ինչպես և Արծրունին, ընդգծում է իրենց ժառանգականությունը: «Հյուսիսափայլ»-ի ուղղվածությունը Րաֆֆին անվանում է իդեալիստական, իսկ «Մշակ»-ինը` իրատեսական, դրանով իսկ ցույց տալով հայ լուսավորչական մտքի անցումը դեպի պոզիտիվիստական սոցիոլոգիա:
1884 թվականին Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտությունը սրվեց: Ֆինանսական ճգնաժամը հարցականի տակ է դրել թերթի հետագա գոյությունը: Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը: Արծրունին մնաց անսասան: Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին:
1892 թվականին Արծրունու մահից հետո «Մշակ»-ը խմբագրում էին Ա. Քալանթարը, Ա. Առաքելյանը: 1917-20 թթ. «Մշակ»-ը դարձավ բուրժուական ազգայնականության բարձրախոսը:

Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 11273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ